Սիմոնյանը՝ ԼՂ-ի հայերի ինքնորոշման մասին. ՀՀ-ն նման հարց այսօր չունի

Սիմոնյանը՝ ԼՂ-ի հայերի ինքնորոշման մասին. ՀՀ-ն նման հարց այսօր չունի

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՀՀ–ն լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ԼՂ հարցը լուծվե՞լ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ավելի քանի 30 տարի պայքարել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար։

«Հայաստանի Հանրապետությունը նման հարց այսօր չունի։ Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Սա արդեն երևի 8 անգամ ասել ենք վերջին երկու տարվա ընթացքում։ Էլ ի՞նչ է պետք ասել»,- ասել է Սիմոնյանը, գրում է Արմենպրեսը։

Հարցին, թե արդյոք արցախահայության իրավունքների հարցը Հայաստանը հիմա կքննարկի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակներում՝ Սիմոնյանը պատասխանել է, որ պետք է կենտրոնանալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման և տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման վրա։

«Կարծում եմ, որ մենք պետք է այս պատմական փուլում կենտրոնանանք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման և տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման վրա։ Հետագայում ինչ-որ ադրբեջանցի ցանկություն կունենա կամ չի ունենա վերադառնալու Հայաստանում ապրելու, ինչ-որ հայ ցանկություն կունենա կամ չի ունենա վերադառնալ Բաքու, Ստեփանակերտ, Շուշի և մնացած բոլոր այն բնակավայրերը, որտեղ հայեր են ապրել՝ դա արդեն ապագայի հարց է»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ դա անիրատեսական է։

Նա ընդգծել է, որ առանց խաղաղության, առանց ատելության խոսքի վերացման Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձն անհնար է։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---