Ադրբեջանից բռնի տեղահանվածների գույքային կորուստներն ամբողջացնելու համար նոր հարթակ կգործարկվի

Ադրբեջանից բռնի տեղահանվածների գույքային կորուստներն ամբողջացնելու համար նոր հարթակ կգործարկվի

PanARMENIAN.Net - «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, համախմբելով եղած ռեսուրսները, ծավալուն աշխատանք է տանում Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված հայերի իրավունքների մասին բարձրաձայնելու, դրանք վերականգնելու ուղղությամբ։ Այդ մասին ասուլիսում ասել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի գույքային կորուստներն ամբողջացնելու համար գործարկվելու է նոր հարթակ, հայտնում է Արմենպրեսը։

Նա հավելել է, որ հայ փախստականների խնդիրները բազմաշերտ են և այժմ փորձ է արվում մեկտեղել բոլոր հնարավոր ռեսուրսներ տարբեր ուղղություններով հետևողական աշխատանք տանելու համար։

«Ներկայում մեր հասարակական կազմակերպությունը մեծածավալ աշխատանք է տանում, որպեսզի կորցված ունեցվածքի գույքագրումը, եղած բազայի վրա, դարձնենք շատ ավելի ստույգ, առավել ճշգրիտ։ Այստեղ խնդիր ունենք, ինչպես գիտեք, մեր ոչ բոլոր հայրենակիցներն ունեն ամբողջական փաստաթղթավորում, հետևաբար բավական դժվարություններ կան։ Ահա եղած բազան վերլուծելով, նոր տվյալներ հավաքագրելով, ամեն ինչ անելու ենք, որ դրանք լինեն առավել ստույգ։ Խոսքը 100 միլիարդավոր ռուբլու մասին է»,-ասել է Գաբրիելյանը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը շուտով գործարկելու է նոր կայք, որի միջոցով աշխարհի ցանկացած կետում գտնվող այն հայերը, որոնք բռնի տեղահանվել են Ադրբեջանից, կարող են մուտք գործել այդ հարթակ, թողնել իրենց տվյալները՝ կապված գույքային կորստի հետ։ Ադրբեջանից բռնությամբ հեռացածների մեծամասնության մասնավոր սեփականության և գույքային իրավունքը արմատապես խախտվել է համատարած թալանի ու բռնությունների հետևանքով։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր օրակարգում ներառել է միջազգային կառույցների հետ աշխատանքը։ Վիլեն Գաբրիելյանի խոսքով, այն ինչ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, երբ Ադրբեջանի գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեցին 100 հազարից ավելի հայեր, հետևանք է 1988-1992 թվականների նույն գործընթացի։

«Միջազգային կառույցները պատշաճ քաղաքական գնահատական չեն տվել այն ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին, ինչն էլ բերեց այսօրվա բռնի գաղթին։ Եթե միջազգային հանրությունը ժամանակին պատշաճ գնահատական տար, ապա չէինք հասնի այն իրավիճակին, որ ունեցանք սեպտեմբերի 19-ին»,-ասել է Գաբրիելյանը։

Իրավական գործընթացի համար «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը նաև փորձում է մեկտեղել Սփյուռքի ներուժը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
Փետրվարի 6–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +11, իսկ փետրվարի 7–ին՝ +13 աստիճան
---