ՀՀ-ն ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել՝ Ռուսաստան արտահանման խնդրի հարցով

ՀՀ-ն ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել՝ Ռուսաստան արտահանման խնդրի հարցով

PanARMENIAN.Net - Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել՝ ՀՀ-ից Ռուսաստան արտահանման խնդրի հարցով: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ՝անդրադառնալով Լարսի անցակետում առաջացած խնդրին և «Ռոսսելխոզնաձորի» հայտարարությանը:

«Հրավիրել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա 2 օրվա ընթացքում»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:

Նա նշել է, որ Հայաստանի համար տարօրինակ է, որ այս տարի Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքներով բեռնված 6 տասնյակից ավելի մեքենաներ են հետ վերադարձվում, երբ հայ մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն կատարել:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ դրանում քաղաքական ենթատեքստ կա՝ նախարարն ասել է, որ ինքն այդպես չէր ասի:

«Մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ տարվա մեջ 35 մեքենա է հետ վերադարձվում, հետո 2 օրվա մեջ՝ ևս 35 մեքենա՝ այն դեպքում, երբ մենք կարգավորումների և մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն արել»,-ասել է նա:

Վերջին շրջանում Վերին Լարսի անցակետում գյուղմթերք ու այլ ապրանքներ Ռուսաստան արտահանող հայկական բեռնատարները խնդիրների են բախվել, օրեր շարունակ հայկական բեռնատարները Վերին Լարսի անցակետի հերթերում են:

«Ռոսսելխոզնադզոր»-ը (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ 2023 ընթացքում Հայաստանից մատակարարված ծաղկի և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերի աճ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---