ԵՄ–ն լրացուցիչ կուսումնասիրի ՀՀ ԶՈւ-ին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը

ԵՄ–ն լրացուցիչ կուսումնասիրի ՀՀ ԶՈւ-ին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։ Հարցը քննարկվել է նոյեմբերի 27-29-ը Հայաստանում ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության այցի շրջանակում, հայտնում է է Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքը։

Այցի նպատակն էր դիտարկել ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր հարթություններում, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

ԵՄ-ն և Հայաստանը հավատարիմ են գործընկերության կառուցմանը, որը շոշափելի օգուտներ կբերի քաղաքացիներին: Մասնակիցները քննարկել են համագործակցության հետագա ամրապնդման և բարեփոխումների իրականացման ուղիները, այդ թվում՝ ներդրումների միջոցով inter alia, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, հետազոտությունների և նորարարության ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել, առ այն թե ինչպես լավագույնս օգտագործել ներդրումները՝ տեղահանված Ղարաբաղի հայերի հրատապ կարիքները հասցեագրելու և նրանց ինտեգրումը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ:

Նշվում է, որ Եվրոպական միությունը և Հայաստանը հետաքրքրված են շարունակել համագործակցությունը արդարադատության և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ուղղությամբ և ամրապնդել համագործակցությունը միգրացիայի և շարժունակության ուղղությամբ, ինչպես նաև ուսումնասիրել Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության հնարավոր մեկնարկի հեռանկարները:

Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝«Frontex»-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հնարավոր ուղղությունները ուսումնասիրելու վերաբերյալ։ Հանդիպումների ընթացքում լրացուցիչ հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրվածությունը։ Մասնավորապես՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։

Այցի կապակցությամբ ազդարարվել է ԵՄ և ՀՀ միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։

Հարթակը կմիավորի ԵՄ-ին, Հայաստանի կառավարությանը և միջազգային ֆինանսական հաստատություններին, և այն կօգնի էլ ավելի մեծացնել ԵՄ ներդրումները Հայաստանում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում, որի միջոցով Հայաստանում արդեն իսկ մոբիլիզացվել են մինչև 500 միլիոն եվրո ծավալի ներդրումներ։ Հարթակի առաջին հանդիպման ընթացքում ստորագրվել են 2 նոր ծրագիր՝ ուղղված Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ համագործակցությամբ մանկապարտեզների էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ աջակցությանը հայկական ՓՄՁ-ներին:

Եվրոպական միությունը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների հիմքի վրա։ Արտաքին հարաբերությունների խորհրդի նոյեմբերի 13-ի քննարկումների արդյունքներով՝ ԵՄ-ն նաև կամրապնդի Հայաստանում ԵՄ առաքելությունը։

Այցի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և «Frontex»-ի ներկայացուցիչները միացել էին ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին։

Պատվիրակությունը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին և համապատասխան ոլորտների փոխնախարարներին։ Նրանք նաև մտքեր են փոխանակել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև «հողի վրա» գործող Միացյալ Ազգերի Կազմակերպության ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---