Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել

Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման և ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցները։

Դրանք դատապարտում են Ադրբեջանի ագրեսիայի քաղաքականությունը, նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման տարեկան զեկույցում նշված է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, և կոչ է արվում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների համար, տեղեկացնում է Արմենպրեսը։

Ինչպես նաև կոչ է արվում կասեցնել էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, և հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու Ադրբեջանում մարդու իրավունքների դրամատիկ իրավիճակը դադարեցնել նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի նրանով, որ երկիրը էական առաջընթաց գրանցի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ՝ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հարցում», - ասված է զեկույցում։

Զեկույցը ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ստեղծումը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը, կոչ է անում Եվրոպական Խորհրդին ավելացնել առաքելության կազմում տեղակայված փորձագետների թիվը, ավելացնել առաքելության կարողությունները և աշխարհագրական շրջանակը, ինչպես նաև երկարացնել դրա տեղակայման ժամկետը ևս հինգ տարով: Ինչպես նաև Ադրբեջանին կոչ է արվում թույլ տալ նույն առաքելության տեղակայումն իր տարածքում և Լեռնային Ղարաբաղում։ Զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանի անվտանգության, անկախության ու ինքնիշխանության պաշտպանության հարցում ԵՄ-ի աջակցության մասին։ Զեկույցը կոչ է անում «նպաստել պաշտպանության ոլորտում կողմերի միջև առավել համապարփակ և ընդլայնված համագործակցությանը»։

Եվրոպական Խորհրդին կոչ է արվում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, բայց չսահմանափակվել նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով, և դադարեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։

ԵԽ ընդունած ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցն իր հերթին դատապարտում է Ադրբեջանի նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը ԼՂ հայության դեմ և պահանջում պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ Զեկույցն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին, որոնք լրջորեն խոչընդոտվել են Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ռազմական գործողության և դե-ֆակտո էթնիկ զտումների պատճառով։

Զեկույցը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը և լիակատար հարգանքը երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Գովաբանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն հայտարարության համար, որ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ, և նրա վերջին կոչերը՝ վերսկսելու խաղաղ բանակցությունները Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով։ Զեկույցը նաև ողջունում է Հայաստանի որոշումը՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---