30 նոյեմբերի 2023 - 14:39 AMT
100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քիսինջերը

100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, որին համարում են XX դարի ամենաազդեցիկ և հակասական դիվանագետներից մեկը։

Քիսինջերն ԱՄՆ պետքարտուղար է եղել և ազգային անվտանգության գծով խորհրդական նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի օրոք և ընդհուպ մինչև 1977–ն ազդեցիկ դեմք՝ արտաքին քաղաքականության հարցերում։

«Ես օրական 15 ժամ աշխատում եմ»,–ասել էր նա CBS News–ին իր 100–ամյակից մի քանի շաբաթ առաջ։

Նա հայտնի էր իր realpolitik–ով, նրան էին վերագրում գաղտնի դիվանագիտությունը, որը թույլ տվեց ապասառեցնել ԱՄՆ հարաբերությունները Չինաստանի հետ։ Սակայն, նրան մեղադրում էին նաև Վիետնամի պատերազմի ժամանակ Կամբոջայի ռմբակոծությունների հետ կապված ռազմական հանցագործությունների, Բանգլադեշում պակիստանցիների ջարդերին աջակցելու և արգենտինյան բռնապետությանն այլախոհների հետ պայքարում հավանություն տալու մեջ։

Նա ծնվել է Գերմանիայում 1923–ի մայիսի 27–ին հրեաների ընտանիքում։ Նրան անվանել են Հայնց Ալֆրեդ Քիսինջեր։ 1938–ին, Բյուրեղապակյա գիշերվանից մոտ 3 ամիս առաջ, նրա ընտանիքը փախել է նացիստական Գերմանիայից Նյու Յորք, որտեղ էլ նա հայտնի է դարձել որպես Հենրի Քիսինջեր։