Քերոբյանը` մեքենաների մաքսազերծման գների մասին. ԵԱՏՄ–ի հետ ներքին քննարկումներ կունենանք

Քերոբյանը` մեքենաների մաքսազերծման գների մասին. ԵԱՏՄ–ի հետ ներքին քննարկումներ կունենանք

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 3–րդ երկրներից Հայաստան ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծման գների հարցով ներքին քննարկումներ կանցկացնի ԵԱՏՄ գործընկերների հետ։ Այդ մասին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչև տարեվերջ ՀՀ կառավարությունը 40–70 տոկոսով կսուբսիդավորի 3–րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծումը։ Միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ ներմուծման մաքսատուրքը ՀՀ–ում պետք է նվազեցնել, սակայն խնդիրը ԵԱՏՄ կարգավորումն է, և ՀՀ–ն չի կարող միակողմանի լուծել այդ խնդիրը։

«Այս հարցով մենք ներքին քննարկումներ կանցկացնենք ու ըստ այդմ որոշումներ կկայացնենք։ Օրինակ` էլեկտրական շարժիչներով մեքենաները մաքսատուրքից ազատելու որոշումը ԵԱՏՄ մեր գործընկերների հետ քննարկումներում հենց մեր նախաձեռնությամբ է եղել»,– ասել է Քերոբյանը։

Նա հիշեցրել է Ազգային ժողովի ընդունած որոշումը, որով էլեկտրաշարժիչով մեքենաները մինչև 2026 թ. ազատվեցին ԱԱՀ–ից և մաքսատուրքից։

Նախարարն ընդգծել է, որ ԵԱՏՄ–ն հարթակ է, որտեղ տարբեր երկրներ ունեն հավասար ձայնի իրավունք, և այն խնդիրների դեպքում, որտեղ ՀՀ կառավարությունն առաջարկներ ներկայացնելու կարիք է տեսնում, անում է։

Նա նաև տեղեկացրել է, որ մաքսազերծման սուբսիդավորումը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք արդեն իսկ ՀՀ–ում են. 2024 թ. հունվարի 1–ից 3–րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված ու չմաքսազերծված մեքենաների շահագործումը կարգելվի։

ՀՀ կառավարության որոշման համաձայն` 2024 թ. հունվարի 1–ից Վրաստանից կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Այս պահին ՀՀ–ում կա ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված 9000 ավտոմեքենա։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---