4 մայիսի 2009 - 14:08 AMT
Վրաստանի մայրաքաղաքում իշխանությունները բողոքի ցույցերի մասնակիցների համար ժամկետ են սահմանել մինչեւ մայիսի 16-ը
Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Թբիլիսիում շարունակվում են վրաց ընդդիմության բողոքի ցույցերը նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով: Այսօր ընդդիմության կողմնակիցները կրկին պիկետավորում են հանրային հեռուստատեսության շենքը, իսկ վաղը պատրաստվում են մեկ ժամով փակել դեպի Թբիլիսի տանող բոլոր ճանապարհները: Իշխանություններն առաջարկում են ընդդիմությանն երկխոսություն սկսել քաղաքական ճգնաժամի կարգավորման համար, քննարկվում է նաեւ Վրաստանը խորհրդարանական հանրապետություն հռչակելու հնարավորությունը: Ընդդիմության առաջնորդներից մեկը` Լեւան Գաչեչիլաձեն հեռուստաեթերում հայտարարել է, որ նախագահի հակառակորդները պատրաստ են բանակցել իշխանությունների հետ, սակայն քննարկման հիմնական թեման պետք է լինի պետության ղեկավարի հրաժարականը:

Միեւնույն ժամանակ, իշխանությունները ժամկետ են սահմանել մինչեւ մայիսի 16-ը, որից հետո Ռուսթավելու պողոտայից պետք է վերացվեն վանդակաճաղերը: Այս դեպքում փաստարկն այն է, որ մոտենում է մայիսի 26-ը` Անկախության օրը: Վրաստանի նախագահը մտադիր է նշել այդ օրն ավանդական ռազմական շքերթով:

Եթե արտախորհրդարանական ընդդիմությունը չազատի Ռուսթավելու պողոտան վրաններից ու վանդակաճաղերից, իշխանություններն իրենց իրավունք են վերապահում մաքրել մայրաքաղաքի գլխավոր պողոտան համապատասխան միջոցների կիրառմամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: