5 դեկտեմբերի 2023 - 10:53 AMT
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական պահանջի մասին. ՀՀ ատոմակայանը փակելու պլաններ չկան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, անդրադառնալով ՀԱԷԿ–ը փակելու թուրքական կողմի պահանջին, հայտարարել է, որ Հայաստանն ատոմակայանի անվտանգության առումով լուրջ աշխատանք է իրականացնում և ՀԱԷԿ-ը փակելու պլաններ չկան։

Նա նշել է, որ Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկներին և ուղեցույցներին՝ սերտորեն համագործակցելով Գործակալության հետ, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին և ցուցումներին։ Սա շատ կարևոր է։ Ատոմակայանում տեղի են ունեցել վերանորոգման կարևոր աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին։ Այսպիսով՝ մենք կարող ենք շարունակել գործել։ Ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգում պետք է լինի մի քանի տարով, և մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես են այդ աշխատանքները իրականացվել»,- ասել է Գրոսին։

Անդրադառնալով վերջերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն ուղղված թուրքական կողմի նամակին, որով պահանջվում էր քայլեր ձեռնարկել ՀԱԷԿ–ը փակելու ուղղությամբ՝ Գրոսին նշել է, որ իրենք լսում են բոլորին և տալիս են համապատասխան բացատրություններ։

«Մենք լսում ենք բոլորին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գլոբալ կազմակերպություն է։ Այսպիսով, մենք յուրաքանչյուրին լսում ենք։ Ինչ վերաբերում է այդպիսի մտահոգություններին, մենք բացատրում ենք, թե ինչ ենք անում, մենք հավաստիացումներ ենք տալիս, որ ամեն ինչ ճիշտ է արվում։ Ես կարող եմ ասել, որ սա միակ դեպքը չէ։ Աշխարհի այլ հատվածներում էլ, որտեղ հարևան երկրները միմյանց հետ որոշակի խնդիրներ ունեն, մոտենում են ինձ և հարցնում՝ ի՞նչ է կատարվում մեր հարևան երկրում։ Մենք դրանց լուրջ ենք վերաբերվում, բայց մենք պատասխանները տալիս ենք։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել մեզ հետ և ամրապնդում է ատոմակայանի անվտանգությունը, և մենք վստահ ենք այս հարցում»,- ընդգծել է նա։

Այն հարցին, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պլանավորում է Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, Գրոսին բացասական պատասխան է տվել։

«Ոչ, բացարձակապես ոչ։ Եթե ատոմակայանի հետ կապված հարց լինի, մենք այն անմիջապես կհասցեագրենք կառավարությանը և առաջինը կասենք, որ խնդիր կա ու որոշ գործողություններ անելու անհրաժեշտություն կա։ Բայց այս պահին, ինչպես արդեն ասացի, մենք վստահ ենք, որ գործողությունները կարող են շարունակվել»,- եզրափակել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը։