5 դեկտեմբերի 2023 - 11:15 AMT
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենը կայցելի Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերի 6-ին կայցելի Ադրբեջան։ Նա հանդիպում կունենա Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու օրակարգով։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։

Օ'Բրայենն այցելելու է նաև Ռումինիա, Ուկրաինա, Մոլդովա։ Հայաստան այցելության մասին չի հաղորդվում։

Ավելի վաղ Ջեյմս Օ՛Բրայենը Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել էր, որ aռաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում։

«Մենք հստակ ասել ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել։ Բաքուն հիմա ուժի դիրքերից է խոսում բանակցություններում, սակայն, նույնիսկ հաղթող կողմը պետք է իմանա՝ երբ է պետք կանգ առնել և գործարք կնքել՝ առավել շահավետ առաջարկի սպասելու փոխարեն»,- հայտարարել էր պետքարտուղարի օգնականը։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել պաշտոնյաների փոխադարձ այցերի վերաբերյալ։