4 մայիսի 2009 - 15:44 AMT
Չոր կլիման կարող է զերծ պահել Հայաստանը H1N1 հարուցիչից
«Հայաստանի կլիման չոր է, ինչը չի նպաստում H1N1 հարուցիչի տարածմանը: Իսկ չոր կլիմայի պատճառով տարվա այս եղանակին միշտ սրվում են շնչառական ուղիների հիվանդությունները: Խուճապի համար պատճառ չկա, սակայն, ելնելով անվտանգության տարրական պահանջներից, պետք է բժշկական հետազոտություն անցնել»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Հայաստանի առողջապահության նախարարության հիգիենիկ ու հակահամաճարակային վարչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Սահակյանը:

Նրա խոսքերով, «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղացված ռեժիմով է աշխատում կարանտինի կետը: «Ստուգվում են այն երկրների չվերթերի ուղեւորները, որտեղ արդեն հայտնաբերվել է խոզի գրիպը, ինչպես նաեւ զարգացող երկրներից ժամանողները»,-ասել է Գ.Սահակյանը:

Գ.Սահակյանը հաղորդել է նաեւ, որ առողջապահության նախարարությունում ամենորյա մոնիթորինգ է անցկացվում;

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության, որը հղում է արել Առողջության միջազգային կազմակերպությանը, համաճարակային իրավիճակն աշխարհում շարունակում է լարված մնալ:

H1N1 հարուցիչը փոխանցվում է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների միջոցով օդակաթիլային ճանապարհով, այն կարող է փոխանցվել նաեւ վատ մշակված խոզի մսի միջոցով (միսն ուտելու դեպքում): Խոզագրիպի հարուցիչը մուտացիայի ենթարկված հարուցիչ է, ուստի պատվաստանյութ այս գրիպի դեմ դեռեւս չկա, եւ ըստ լավատեսական կանխատեսումների կհայտնվի միայն 5-6 ամսից:

Այս պահի դրությամբ լիարժեք դեղեր խոզագրիպի դեմ չկան: Կան միայն հիվանդության ընթացքը թեթեւացնող դեղեր:

Վերջին անգամ գրիպի մուտացիայի ենթարկված հարուցիչի համաճարակ եղել է 1918թ.: Այն ժամանակ 50 մլն մարդ մահացավ: