Փաշինյան․ Գերիների վերադարձի համար ամերնօրյա աշխատանք է տարվում

Փաշինյան․ Գերիների վերադարձի համար ամերնօրյա աշխատանք է տարվում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով գերիների վերադարձին, ընդգծել է, որ այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում՝ առանց մանրամասնելու։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե որն է Արցախի հարցում ՀՀ ռազմավարությունը՝ վարչապետն ասել է, որ կառավարության ռազմավարական անելիքն է Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը և անկախությունն ամրապնդելը և շարունակելու են այս ճանապարհով գնալ, գրում է «Փաստինֆոն»։

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե իշխանությունը Ղարաբաղի հանդեպ անտարբեր մնաց, որ Ղարաբաղին ինչ-որ իրավիճակում մենակ են թողել՝ Փաշինյանն ասել է, որ նման գնահատականներին մի բառով կարող է գնահատական տալ. երախտամոռություն։

Նա հավելել է, որ ուրիշ բառ պարզապես չի կարող օգտագործել, ընդ որում՝ սա վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ խոսքը գնում է կառավարության մասին կամ խոսվում է ընդհանրապես ՀՀ մասին։

«Իմ եզրակացությունն այն է, որ որոշ ուժերի կողմից երկար տարիներ ԼՂ հարցն օգտագործվել է մեկ նպատակի համար, որպեսզի Հայաստանում պետություն չկայանա։ Այդ համոզմունքն ինձ համար գնալով ավելի է խորանում։ Ըստ էության՝ 1996 թ-ի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո ԼՂ հարց չի եղել և մենք չենք առերեսվել այդ իրականության հետ։ Սա նաև մեր խորքային խնդիրներից մեկն է»,- ասել է Փաշինյանը։

«Ինքնորոշում» եզրույթին անդրադառնալով՝ նա ընդգծել է, որ ուզում է հիշեցնել Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթուղթը, հայտարարությունը, որտեղ ասվում է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակներում, այն է՝ ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում։

«Միշտ չէ, որ մեր օգտագործած տերմինները համադրել ու համեմատել ենք դրանք ստեղծած կառույցների և մարմինների ընկալումների և մեկնաբանությունների հետ»,–ասել է նա։

Նա ընդգծել է, որ որպես ՀՀ վարչապետ՝ իր խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է։

«Իմ լիազորությունների շրջանակում ՀՀ սահմանադրությունը ինձ տալիս է պատասխանատվություն ՀՀ ապագայի վերաբերյալ և ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---