Փոխվարչապետ․ Դելիմիտացիայի գործընթացը բարդ ու երկար է լինելու

Փոխվարչապետ․ Դելիմիտացիայի գործընթացը բարդ ու երկար է լինելու

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ դելիմիտացիայի գործընթացը բարդ ու երկար է լինելու։

«Փոխադարձ ընկալում կա, որ գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա, մենք աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ են, այլ` իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Փոխվարչապետը նշել է, որ 1975 թվականի քարտեզը 22 կտորից բաղկացած ֆրագմենտներ են, որոնք պետք է մանրակրկիտ հետազոտվեն:

«Չի լինելու մի հանդիպում, որից հետո գանք ու հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է»,- նշել է նա:

Գրիգորյանն ասել է, որ այս անգամ Ադրբեջանի հետ պայմանավորվել են համատեղ հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը:

«Մոտ ժամանակներում այդ աշխատանքը կներառենք կառավարության նիստի օրակարգ, որից հետո մեր հանդիպումներն ավելի ինստիտուցիոնալ կլինեն»,- ասել է Մհեր Գրիգորյանը` հավելելով, որ այս անգամ անկլավների ու էքսկլավների հարց չի քննարկվել:

Գրիգորյանի խոսքով` դժվար է ասել` անկլավների ու էքսկլավների հարցն ունի՞ իրավական նշանակություն ունեցող հիմք:

«Հանձնաժողովների աշխատանքը կայանում է նրանում, որ միմյանց պետք է ներկայացնեն իրենց ընկալումը, իրավական փաստաթղթերը, որոնց տիրապետում են ու սկսեն քննարկել, թե ինչքանով է այդ փաստաթուղըթ լեգիտիմ ու ինչքանով կարող է հիմք հանդիսանալ դելիմիտացիայի գործընթացում»,- ընդգծել է Գրիգորյանը:

Նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---