Օզբիլիս․ Եթե ընտրվեմ, ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի պես ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան հավաքականում

Օզբիլիս․ Եթե ընտրվեմ, ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի պես ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան հավաքականում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ասել է, որ ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չի խնայի, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան հավաքականում, հայտնում է Արմենպրեսը։

Օզբիլիսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Նա նաև ասել է, որ որոշել է թեկնածությունն առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Նա ասել է, որ իր համար մեծագույն հպարտություն էր խաղալ Հայաստանի ընտրանու կազմում:

«Մեր սերունդն իսկապես լավ կազմ էր հավաքել և, կարծես, մի մեծ ընտանիք լինեինք: Բացարձակ այլ զգացողություն է հավաքականի մարզաշապիկով հանդես գալը: Կարոտում եմ հավաքականը, բայց այժմ էլ թիմի կողքին եմ՝ որպես առաջին երկրպագուներից մեկը»,–ասել է նա:

Օզբիլիսը խոսել է դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին և իր ծրագրերի մասին` նշելով, որ հայկական ֆուտբոլին գլոբալ փոփոխություններ են պետք:

«Այն ճանապարհով, որով անցել եմ ես, այն փորձով, որը կուտակել եմ տարիների ընթացքում, կարող եմ մեծ օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Աշխատանքս տեսնում եմ միայն ու միայն թափանցիկության և արդարության սկզբունքները պահելու եղանակով: Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված իմ պլաններն առավել մանրամասն կբացահայտեմ առաջիկա մեծ ասուլիսի ժամանակ: Սուտ կլինի, եթե ասեմ, որ 2-3 տարվա ընթացքում կարողանալու եմ փոխել ամենը, դա բացառված է: Բայց, իմ կարծիքով, մեզ պետք է ֆուտբոլի զարգացման ազգային ծրագիր, որը վերցված չի լինի այս կամ այլ երկրներից, այլ կլինի մեր ինքնատիպությանը հատուկ ծրագիր: Հայկական ֆուտբոլին գլոբալ փոփոխություններ են պետք»,–ասել է նա:

Նա նաև անդրադարձել է այն խոսակցություններին, որ իրեն աջակցողների թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Ես շնորհակալ եմ Հենրիխ Մխիթրայանին, թե՛ խոսքով, թե՛ գործով ինձ միշտ աջակցելու համար։ Մի բան ասեմ` իմ ընտրվելու դեպքում ես ջանք չեմ խնայի, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտն անպայման խաղան Հայաստանի հավաքականում։ Մենք, գուցե, ամբողջապես չենք էլ ընկալում Հենրիխ Մխիթարյանի մեծագույն ֆուտբոլիստ լինելու փաստը: Մեզ նման փոքր երկրները պետք է երկու ձեռքով պահեն Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստին: Հենրիխն այն օրինակն ու ապացույց է, որ հնարավոր է հայկական ֆուտբոլից համաշխարհային աստղեր ունենալ: Մենք պետք է ամեն հնարավոր բան անենք՝ մեր զարգացման համար օգտագործելով օրինակ նույն հենց Մխիթարյանի փորձը, տաղանդը, կապերը»,–ասել է նա։

Օզբիլիսը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2010 թվականին՝ «Այաքսի» կազմում: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կուբան», Մոսկվայի «Սպարտակ», «Բեշիկթաշ», «Ռայո Վալենկանո», Տիրասպոլի «Շերիֆ», «Վիլհելմ 2», Երևանի «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբներում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում մասնակցել 41 խաղի` դարձել 6 գոլի հեղինակ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---