USCIRF․ Բաքուն ԼՂ-ում ռազմական հանցագործություններ է կատարել

USCIRF․ Բաքուն ԼՂ-ում ռազմական հանցագործություններ է կատարել

PanARMENIAN.Net - ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) ներկայացրել է 2023 թվականին Ադրբեջանում կրոնական ազատությունների մասին զեկույցը, որտեղ ներառված են նաև ԼՂ-ի հայերի դեմ Բաքվի հանցագործությունները։

«Ադրբեջանը Հայաստանի հետ իր հակամարտության համատեքստում շարունակել է ռազմական հանցագործություններ և այլ չարաշահումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: 2022 թվականի դեկտեմբերից սկսած՝ տարածաշրջանում ապրող էթնիկ հայերը բախվել են սննդի, վառելիքի և դեղորայքի խիստ պակասի՝ Լաչինի միջանցքի մասնակի շրջափակման պատճառով, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող առանցքային տրանսպորտային երթուղին է, և որը 2023 թվականի հունիսին Ադրբեջանի կառավարությունն ամբողջական շրջափակեց»,- ասվում է փաստաթղթում, գրում է Factor.am-ը։

Նշվում է, որ հումանիտար ճգնաժամը ստիպել էր բազմաթիվ կազմակերպությունների և այլ ձայների՝ զգուշացնել, որ այս պայմաններում ստեղծված իրավիճակը կհանգեցնի էթնիկ զտումների։ Սեպտեմբերին էլ Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել տարածաշրջանը բռնի հետ գրավելու համար, ինչը հանգեցրել է ավելի քան 100,000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի:

Զեկույցում անդրադարձ կա նաև ԼՂ-ի կրոնական վայրերին։ Նշվում է,որ բազմաթիվ կազմակերպություններ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և հարևան այլ տարածքներում կրոնական վայրերի պահպանության խնդրով, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարին վճռել է, որ Ադրբեջանը պետք է կանխի հայերի դեմ ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու խթանումը և ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգության վրա, ներառյալ՝ եկեղեցիները և այլ պաշտամունքի վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմաններն և արտեֆակտները։ USCIRF-ն ուղղակիորեն պետական պաշտոնյաների մոտ բարձրացրել է կրոնական ազատության հետևանքների՝ կրոնական վայրերը չպաշտպանելու հետևանքների հարցը»,- ասվում է փաստաթղթում։

Ընդգծվում է, որ 2023 թվականի մայիսին SCWRA-ի նախագահ Մուբարիզ Գուրբանլին բացահայտորեն կոչ է արել դուրս բերել հայ քահանաներին Դադիվանք վանքից, նա կեղծ պնդում էր, որ նրանք կապ չունեն այդ վայրի հետ:

«Մինչ 2023-ի հոկտեմբերը ՄԱԿ-ի առաքելությունը հաղորդում էր, որ Լեռնային Ղարաբաղում «ոչ մի վնաս չի հասցվել մշակութային կամ կրոնական կառույցներին», իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են կոչ անել կառավարությանը՝ ապահովել կրոնական և մշակութային վայրերի պաշտպանությունը»,- նշում է USCIRF-ը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---