Պատգամավոր. Գերիների վերադարձը կկայանա սահմանին՝ ժամերի կամ օրերի հարց է

Պատգամավոր. Գերիների վերադարձը կկայանա սահմանին՝ ժամերի կամ օրերի հարց է

PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի տարածած համատեղ հայտարարությանը, ասել է, որ փոխանակումը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

Նա հավելել է, որ գերիների վերադարձը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում, ժամերի կամ օրերի հարց է, հայտնում է «Փաստինֆոն»։

«Ես կխուսափեմ վերադարձվող գերիների անունները հնչեցնել, քանի որ շատ զգայուն թեմա է, մինչև գերիները չհատեն ՀՀ պետական սահմանը, նաև լրատվամիջոցներին խորհուրդ կտայի չշրջանառել անուններ, որովհետեւ հասկանում եք՝ ինչքան բարդ կարող է սա լինել գերիների հարազատների համար»,–ասել է նա։

Նա տեղեկացրել է, որ բանակցությունները երկկողմ ձևաչափով են եղել։ Այն հարցին, թե արդյոք սա սկիզբ է դնում երկկողմ ձևաչափով բանակցություններին, նա ընդգծել է, որ հարցը վերաբերում է հումանիտար խնդրի և հնարավորություն է առաջացել այդ ձևաչափում այս զգայուն հարցը բանակցել և լուծել։

«Սա շատ կարևոր հարց է, պետք չէ այս հայտարարությունը թերագնահատել, բայց նաև պետք չէ գերագնահատել։ Այն, ինչ Հայաստանը շարունակ ասել է՝ շարունակում է պնդել, այն է՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել այս հուլիսին՝ եռակողմ հանդիպման ընթացքում»,–ասել է նա։

Փաստենք, որ Ադրբեջանն անգամ պաշտոնապես հաստատված բոլոր գերիներին չի վերադարձնում, թեեւ Հայաստանը նրան է հանձնում անգամ մարդասպանին։ Պաշտոնապես հաստատված գերիների թիվը 55-ն է, որից միայն 32-ին է Ադրբեջանը վերադարձնում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում գերեւարված է եւս 80 անձ, որոնց տվյալները Բաքուն դեռ պաշտոնապես չի հաստատել։

Նա նաև ասել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է աշխատել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու համար, գրում է Արմենպրեսը։

«Սա գործընթացի մի մասն էր, և որոշակի արդյունք կա այս գործընթացի հետ կապված, և ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ իրավական ճանապարհով, որ բոլոր գերիները և այլ պահվող անձինք, որոնք Ադրբեջանում են, նմանատիպ գործընթացի արդյունքում ևս վերադառնան»,- ասել է Խանդանյանը։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---