8 դեկտեմբերի 2023 - 16:52 AMT
ՀՀ-ում հուսով են` արտահերթ ընտրություններն Ադրբեջանի համար բանակցություններից խուսափելու աթիռ չեն լինի

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների գործընթացը չի լինի Բաքվի համար հերթական պատրվակը՝ հայ-ադրբեջանական բանակցություններին չմասնակցելու համար։

Խանդանյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանում հաջորդ տարի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացումը և ինչպե՞ս է դա ազդելու բանակցային գործընթացի վրա, հայտնում է Արմենպրեսը։

«Հույս ունեմ, որ Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների գործընթացը Բաքվի համար չի լինի հերթական պատրվակը բանակցություններին չմասնակցելու համար։ Թե ինչ ներքաղաքական պատճառներ ունի՝ չեմ կարող պատասխանել։ Ինձ համար ևս դա անսպասելի էր»,- ասել է Խանդանյանը։

Նա հավելել է, որ պետք է սպասել և հասկանալ, թե որն էր այս որոշման պատճառը։

Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Նման հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։