8 դեկտեմբերի 2023 - 16:56 AMT
ԶՊՄԿ սպանված պահնորդի որդի. Որ ադրբեջանցին չգար, հորս չսպաներ, մեր 32 գերին Բաքվո՞ւմ էին մնալու

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի որդին՝ Ժորժ Մելիքսեթյանը, անդրադառնալով հայ գերիներին ՀՀ–ում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի հետ փոխանակմանը, ասել է, որ այնպես չէ, որ այդ որոշումն իր համար ընդունելի է։

«Իմացա, որ հորս սպանող ադրբեջանցուն ու իր հետ Հայաստան հասած ադրբեջանցի զինծառայողին ուղարկում են Ադրբեջան 32 հայ գերու դիմաց, բայց այնպես չէ, որ այս որոշում ինձ համար ընդունելի է։ Այսինքն, եթե այդ դեպքը չլիներ, ադրբեջանցին չմտներ Հայաստան, հորս չսպաներ, 32 գերիներին չէ՞ին վերադարձնելու»,–ասել է նա, հայտնում է MediaHub-ը։

Ադրբեջանը գերեվարված 32 հայի է վերադարձնելու Հայաստանին 2 ադրբեջանցու դիմաց։ Այդ երկու ադրբեջանցիները ապրիլի 10-ին Հայաստանի պետական սահմանը հատած զինծառայողներն են՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը և Հուսեյն Ահլիմանի Ախունդովը, որը ԶՊՄԿ աշխատակցին էր սպանել։

«Սա ինձ համար ընդունելի չէ, չնայած, որ կանխատեսում էինք։ Այդ մտքի հետ ո՞նց հաշտվենք։ Եթե չգային, մարդ չսպանեին, պատահական չբռնվեին, մեր բոլոր տղաները պիտի այնտեղ մնայի՞ն։ Լոգիկան չեմ հասկանում։ Ամենավատն էն ա, որ ոչինչ փոխել չենք կարող, որ մեր կառավարությունը մեր կողմը չի բռնել, այլ թուրքի կողմից»,-ասել է ադրբեջանցու կողմից դաժանաբար սպանված պահնորդի որդին։

Երկու օր առաջ Ժորժ Մելիքսեթյանը հայտնել էր, որ իր պահանջը դատարանը բավարարել է՝ այսինքն հորը սպանած Ախունդովը ցմահ է դատապարվել, բայց սա իր համար տարօրինակ էր, որովհետև որոշումը ժամանակից շուտ էր կայացվել։ Այժմ արդեն Ժորժի մտահոգություններն իրենց պատասխանը ստացան։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: