8 դեկտեմբերի 2023 - 17:16 AMT
Բուենոս Այրեսի խորհրդարանը ԼՂ–ում Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն է ընդունել

Դեկտեմբերի 7–ին Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն:

Հայտարարությունում խորհրդարանը դատապարտել է և մեծ մտահոգություն հայտնել հայ ժողովրդի բռնի տեղահանման և վերջինիս համար ստեղծված անմարդկային պայմանների առնչությամբ, որ պայմանավորված են Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող գործողություններով, Լաչինի միջանցքի շրջափակմամբ և Լեռնային Ղարաբաղի տարածքում պատերազմական գործողությունների վերսկսմամբ, հայտնում է «Առավոտը»։

Հայտարարությամբ կոչ է արվում երաշխավորել քաղաքացիական անձանց անվտանգությունը և միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ հարգանքը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։