8 դեկտեմբերի 2023 - 18:17 AMT
Էրդողան․ Ֆրանսիան պետք է գիտակցի` միջամտությունը ՀՀ գործերին օգուտ չի տալիս, վատթարացնում է վիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք է անվանել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելը։

«Ֆրանսիան պետք է գիտակցի, որ միջամտությունը Հայաստանի գործերին օգուտ չի տալիս, այլ միայն վատթարացնում է իրավիճակը»,–ասել է Էրդողանը, գրում է Haqqin.az-ը։

Էրդողանը քննադատել է նաև Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող միջոցները «Ղարաբաղում լարվածության համատեքստում»։

«Զրահափոխադրիչներ ուղարկելը իրավիճակը չի փոխի, Ադրբեջանն արդեն ավարտել է իր տարածքների ազատագրումը»,–ասել է նա։

Էրդողանը նաև ասել է, թե Հայաստանը պետք է դասեր քաղի վերջին իրադարձություններից և հորդորել «չտրվել սադրանքների», չընկնել իրեն «մոլորության մեջ գցող երկրների ծուղակը»։

Ֆրասիան Հայաստան է առաքել 24 միավոր Bastion զրահամեքենա։ Ավելի ուշ հայկական կողմին պետք է տրամադրվի ևս 26 այդպիսի զրահամեքենա, որոնք արտադրական փուլում են։ Ֆրանսիայի Սենատի կոմիտեն կոչ է արել երկրի իշխանություններին քննարկել Հայաստանին Caesar հաուբիցներ մատակարարման հարցը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։

Photo. AP