8 դեկտեմբերի 2023 - 18:20 AMT
Պատգամավոր . ԱՀ խորհրդարանի աշխատանքը չի դադարել, նիստեր են լինում

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանն ասել է, որ Արցախի Հանրապետության խորհրդարանի աշխատանքները չեն դադարել, տեղի են ունեցել նիստեր, այդ թվում՝ լիագումար և առանձին հանձնաժողովների։ Այդ մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում։

«Զարմանալի ոչինչ չկա։ Այո՛, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գործում է, տարբեր հանձնաժողովներ նիստեր են անում։ Շենքային առումով հիմնականում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում է լինում»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Գալստյանը, սակայն, հրաժարվել է բովանդակային առումով օրակարգային հարցերից խոսել՝ խորհուրդ տալով դիմել Արցախի ԱԺ լրատվական ծառայությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։