8 դեկտեմբերի 2023 - 18:46 AMT
ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում $25 մլն բյուջեով տնտեսական ծրագիր է մեկնարկել

Դեկտեմբերի 8-ին Երևանում պաշտոնապես մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 25 միլիոն դոլար բյուջեով «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։

«Այս ծրագրի շրջանակում մեր հետապնդած ամենակարևոր նպատակը մասնավոր հատվածի, հասարակության և կառավարության համատեղ աշխատանքն է, միմյանց հետ աշխատելու և տնտեսական հնարավորությունների ուսումնասիրելու պայմաններ ստեղծելը»,-ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, այդ նպատակով տարբեր ծրագրեր են իրականացվում և թիրախը ֆինանսական ներդրումները ներգրավելու և Հայաստանում օգտագործելու արդյունավետության բարձրացումն է։

Ջոն Ալելոն հայտնել է, որ հիմնականում աշխատելու են այն ոլորտներում որոնք Հայաստանի համար առաջնայնություն են ներկայացնում՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեխոնոլոգիաների հատվածները։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ հիմնական նպատակը Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումն է և այդ ուղղությամբ կամաց-կամաց տեսնում ենք դրական միտումներ:

Նա ասել է, որ տնտեսության դիվերսիֆիկացումը չպետք է լինի որևէ երկրի հաշվին, բայց խնդիր է դրված, որ որևէ երկիր չունենա գերակշռեղ ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, զարգացնել մրցունակությունն ու բարելավել տնտեսական կառավարումը՝ պետական և մասնավոր հատվածների հետ սերտ համագործակցության միջոցով։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է նպաստել նվազագույնը 60 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ներդրումների մոբիլիզացիային՝ «Ներդրումային մոբիլիզացման հարթակի» մշակման և ներդրման միջոցով, ինչպես նաև հնարավոր դարձնել 750 ընկերությունների վաճառքների աճը։