9 դեկտեմբերի 2023 - 10:26 AMT
Միրզոյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ԱԳՆԽ նիստին, Բայրամովի հետ հանդիպում նախատեսված չէ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ն աշխատանքային այցով կլինի Բրյուսելում:

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ նախարարը հրավիրված է մասնակցելու Եվրամիության Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա դեկտեմբերի 11–ին, հայտնում է «Ազատությունը»։

Նույն օրը Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների հանդիպմանը: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններ կամ հանդիպում նախատեսված չեն:

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: