9 դեկտեմբերի 2023 - 11:02 AMT
Ֆրանսիան ևս 15 մլն եվրո կհատկացնի ՀՀ-ին` աջակցելու ԼՂ–ից բռնի տեղահանվածներին

Ֆրանսիան ևս 15 մլն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցության նպատակով։ Խորհրդարանն այդ որոշման օգտին է քվեարկել նոյեմբերի 30–ին, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կայքում։

Նշվում է, որ լրացուցիչ հատկացումը կնպաստի Կարմիր խաչի միջազգային կազմակերպության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՄԱԿ–ի գործակալությունների, ՈԿԿ–ների գործունեության արդյունավետությանը, որոնք սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական աջակցություն են տրամադրում խոցելի խմբերին։

Այսպիսով Ֆրանսիայի ընդհանուր ֆինանսական աջակցությունը ՀՀ–ին 2023–ին կկազմի 27․5 մլն եվրո։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։