Սևանա լճում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը

Սևանա լճում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը

PanARMENIAN.Net - Սևանա լճում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը։ Արարողությանը ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Պարեկային ոստիկանությունում պետք է շատ ուժեղ ռեզերվ ձևավորվի, Փրկարար ծառայությունում, ինչպես և ոստիկանությունում ծառայելը պետք է լինի ամենահեղինակավոր աշխատանքներից մեկը Հայաստանում:

«Ըստ էության, մենք սրանով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգը գործում է բոլոր տեղերում, բոլոր անկյուններում: Այս առումով, շատ կարևոր է այս նոր ծառայության գործարկումը, որը նոր է նույնիսկ նոր ստեղծված Պարեկային ոստիկանության մեջ, որովհետև ծառայությունը հիմնականում կապված է լինելու Սևանա լճի վրա և ափամերձ տարածքներում իրականացվող իրավապահ գործունեության հետ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին այս հարցում նույնպես մեզ աջակցություն ցուցաբերելու համար: Խոսքը Ռուսաստանի Դաշնության կառավարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է, Եվրամիության մեր գործընկերները Պարեկային ծառայության ձևավորման առաջին օրից էլ մեզ աջակցում են, և այդ աջակցությունը շարունակական է։

Ո՞րն է հաջորդը՝ Ներքին գործերի նախարարության տրամաբանության մեջ առաջիկայում պիտի Քրեական ոստիկանության բարեփոխումներ իրականացնենք, Համայնքային ոստիկանության բարեփոխումներ իրականացնենք, պետք է հիմնենք Ոստիկանության գվարդիա, պետք է Ոստիկանության կամ Ներքին գործերի նախարարության ակադեմիան նոր որակ և շունչ ստանա: Առաջիկայում Պարեկային ոստիկանության ծառայության հետ կապված Օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ավարտին և բացմանն ենք սպասում:»,–ասել է նա։

Պարեկային ծառայության մասնագիտական ստորաբաժանման ծառայողների հետ Սևանա լճում դասընթացներ են իրականացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչները։ Երևան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տրամադրած նավերը, իսկ ամերիկացի գործընկերների հետ իրականացվել են ուսումնական գործընթացներ և մոդուլների մշակումներ։

Անհրաժեշտ գույքը՝ նավեր, սկուտերներ, ռադիոկապի միջոցներ, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացների ձեռքբերումը, ինչպես նաև մոդուլային շենքերի կառուցումն ու կահավորումն իրականացվել և իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով։

Լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաջողությամբ հաղթահարած պարեկները ՆԳՆ կրթահամալիրում անցել են վերապատրաստումներ, ցամաքային և ջրային վարժանքներ։ Նրանք ուսումնասիրել են ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը, անցել են ֆիզիկական և կրակային պարապմունքներ։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---