Օսկանյան. Խաղաղության պայմանագրում Արցախի մասին կետ եղել է, բայց հանվել է

Օսկանյան. Խաղաղության պայմանագրում Արցախի մասին կետ եղել է, բայց հանվել է

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրում եղել է կետ Արցախի ժողովրդի իրավունքների ու անկախության մասին, բայց այն հանվել է պայմանագրից։

Ըստ նրա տեղեկությունների` խաղաղության պայմանագրի գործընթացը բավական առաջ է գնացել և մոտ է ստորագրման, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա, և եթե այսօրվա բովանդակությամբ է ստորագրվում այդ պայմանագիրը, դրանով մենք փակում ենք Արցախի էջն առհասարակ»,– ասել է նա։

Օսկանյանը պատահական չի համարում Ադրբեջանի նախագահի վերջերս արած հայտարարությունը, թե հայերը պետք է մոռանան Արցախի մասին:

Օսկանյանը հիշեցրել է, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, նույնիսկ սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարին եղել է փաստացի անկախ քաղաքական միավոր:

«Խնդիրը նրանում է, որ ՀՀ իշխանությունները գնում են դրան, և այս փաստաթղթի ստորագրումը այս բովանդակությամբ մոռացության է տանում Արցախը: Իսկ Ադրբեջանը պետք է հասկանա, որ այս պայմանագիրը նրանք ստորագրում են ոչ թե Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ, այլ ընդամենը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ»,–ասել է Օսկանյանը։

Նախկին արտգործնախարարը կարծում է, որ Արցախի ժողովրդի վերադարձի հարցն իրենց տներ պետք է խաղաղության պայմանագրի մաս կազմի։

ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ այսօր իշխանությունները ունեն այդ վերջին հնարավորությունը՝ Արցախի հարցը ներառեն այս պայմանագրի մեջ:

Օսկանյանը ինչպես նախկինում, այս անգամ ևս առաջարկել է աշխատել իշխանությունների հետ այդ հարցն օրակարգ բերելու համար՝ նշելով, որ պարզապես կամք և ցանկություն է պետք, այլ ոչ թե իշխանությունը պահելու նեղ հաշվարկներ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը համաձայնվի, որ երկու կողմերի ազգային փոքրամասնությունների համար խաղաղության պայմանագրում լինեն նույն ձևակերպումներըկամ այդ հարցը պետք է ընդհանրապես հանվի պայմանագրից։

Նա հավելել է, որ «Հայաստանի համար դա է եղել գլխավոր խոչընդոտն Ադրբեջանի հետ բանակցություններում»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---