11 դեկտեմբերի 2023 - 14:38 AMT
Բորել. ՀՀ-ում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր վճռական աջակցությունը

Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է ԵՄ-ի վճռական աջակցությունը։

Նա նշել է, որ խորհրդի նիստից առաջ առաջին հանդիպումն անցկացրել է ՀՀ արտգործնախարարի հետ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Արևելյան գործընկերության երկրներում առկա իրավիճակին, մասնավորապես՝ Հայաստանի, որը շատ դժվար իրավիճակում է գտնվում... Հայաստանյան իրավիճակը մեր վճռական աջակցության կարիքն ունի»,- ասել է Բորելը։

Նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովը դրական է գնահատում ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը:

Դեկտեմբերի 11–ի վաղ առավոտյան մեկնարկել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Խորհրդի նիստի շրջանակում տրվել է ոչ պաշտոնական նախաճաշ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։

Photo. Reuters