11 դեկտեմբերի 2023 - 17:13 AMT
Առաջարկ. Գյումրու մաքսատանը ներկրված մեքենայի կայանման համար 2–րդ օրվանից օրը 5000 դրամ գանձել

ՊԵԿ-ն առաջարկում է վերանայել և բարձրացնել տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի դրույքաչափը: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Ըստ նախագծի՝ առաջարկվում է ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային միջոցի համար պետտուրքի դրույքաչափերն օրական 1600 դրամի փոխարեն սահմանել 5000 դրամ՝ սկսած ժամանակավոր պահպանության երկրորդ օրվանից: Նախագահի տեղակալը նաև տեղեկացրել է, որ գործող օրենսդրությամբ ԱՏԳ-ի տարածքում մեքենա կայանելու համար պետտուրք է գանձվում հենց առաջին օրվանից, հայտնում է1lurer.am –ը։

«Նախագիծը ֆիսկալ նպատակ չունի, մենք եկամուտների բարձրացման ակնկալիքներ չունենք»,- ասել է նախագահի տեղակալը։

Մանուկյանը նաև նշել է, որ օրական Հայաստան է ներմուծվում է 160 մեքենա, և եթե դրանից 100-ը որոշեն, որ 4 ամիս պահելու են ժամանակավոր պահպանման տարածքում, անհրաժեշտ կլինի 12,000 մեքենայի կայանման վայր, որն իրատեսական չէ:

«Մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության վայրն ավտոկայանման վայր չէ, հետևաբար առաջարկում ենք տուրքի դրույքաչափով կարգավորել հարցը, և եթե մարդը բերել է իրոք իր մեքենան, և մարդը բերել է ոչ թե վաճառելու, այլ շտապում է, ձևակերպումը կանի, կտանի մեքենան, որպեսզի ավելորդ անգամ որևէ գումար չվճարի»,- ասել է նա և հավելել, որ նախագծի նպատակն է նաև մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության տարածքն ավտոկանգառի չվերածելը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Գյումրու ԱՏԳ-ում մեքենաների՝ ամիսներով կայանման պատճառը պետական մարմնի աշխատանքի հետ է կապել: ՊԵԿ նախագահի տեղակալն առարկել է՝ այսօր պետական մարմինն ի վիճակի է օրական 500 մեքենա սպասարկել, իսկ եթե փաստաթղթերը նորմալ են, մեքենան մաքսազերծելու գործընթացը կտևի 3-5 ժամ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս նկատել է՝ մեքենաների տուրքը 1600-ից դարձնելով 5000 դրամ, խնդիրը չեն լուծի: Մյուս կողմից, ըստ նրա, օրական 1600 դրամը վճարելն արդեն իսկ մեծ գումար է:

Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը ևս պարզաբանել է, թե ինչու է նման նախագծի մշակման անհրաժեշտություն առաջացել: Ըստ նրա՝ եթե կան մարդիկ, որոնք ավտոմեքենա են բերում ոչ թե սեփական կարիքների համար, այլ վերավաճառելու, այդ մարդկանց համար ավելի ձեռնտու է ավտոմեքենան չմաքսազերծել, սպասել, որ գնորդ հայտնվի, որպեսզի հենց գործարքի ժամանակ մաքսազերծվի: Դա է պատճառը, որ մեքենա վաճառողներին ձեռնտու է այն թողնել մաքսատան տարածքում, քանի որ համեմատաբար ավելի էժան է վճարը:

Թունյանը նաև խոստովանեց, որ երբ նախագիծը մշակվում էր, խնդիրն իսկապես սուր էր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախագիծը «ժամանակավրեպ» է որակել, ու թեև հավելել է, որ ՔՊ խմբակցության քվեարկության տրամաբանությամբ է քվեարկելու, բայցև հույս է հայտնել, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծի դրույթները կլավարկվեն: ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ևս առաջարկել է լավարկել նախագիծը, օրինակ՝ մեկ անվճար օրվա փոխարեն սահմանել երկու անվճար օր:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց աստիճանական դարձնել տուրքի սահմանումը, և մեկի փոխարեն, օրինակ՝ երկու օր անվճար դարձնել:

Եզրափակիչ ելույթում ՊԵԿ նախագահի տեղակալը, պատասխանելով քննադատություններին, հայտարարեց՝ նախագծով որևէ բիզնես ստեղծելու թաքնված կամ ակնառու նպատակ չկա, և կոչ է արել կողմ քվեարկել՝ լավարկման ակնկալիքով:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացնելու հարցին ԱԺ-ն քվեարկել է 65 կողմ, 25 դեմ, 5 ձեռնպահ ձայներով: