12 դեկտեմբերի 2023 - 14:08 AMT
Ի՞նչ է ենթադրում ԵՄ հնարավոր աջակցությունը․ Դաշտային հիվանդանոց կամ պաշտպանական սարքավորումներ

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթադրում Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին հնարվոր աջակցությունը, որի շուրջ քննարկումների մասին ավելի վաղ հայտարարել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Եվրամիությունը դիտարկում է հայկական բանակին Եվրոպական խաղաղության հիմնադրամի գծով «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ դեռ չկան։

Անդրադառնալով հարցին, թե ինչ է ենթադրելու այդ աջակցությունը՝ Ստանոն ասել է, որ աջակցությունը քննարկվում է անդամ երկրների կողմից՝ հաշվի առնելով հայ գործընկերների կարիքներն ու խնդրանքը, հայտնում է Արմենպրեսը։

«Դա կարող է լինել դաշտային հիվանդանոց, պաշտպանական սարքավորումներ, բայց կարող է նաև մեծացնել կիբեռհարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները։ Սպեկտրը շատ լայն է, և անդամ պետությունները պետք է որոշում կայացնեն, թե ի վերջո ԵՄ-ն ինչ պետք է անի՝ արտացոլելով այն, ինչ Հայաստանը սահմանում է որպես ամենահրատապ կարիքներ», - ասել է Ստանոն։

Ավելի վաղ Ստանոն հայտարարել էր, որ ԵՄ–ն մտադիր չէ զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ։ Նա պարզաբանել էր, որ ԵՄ–ն մտադիր չէ նաև մարզել հայ զինծառայողներին ԵՄ անդամ երկրների տարածքում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։ Հարցը քննարկվել է նոյեմբերի 27-29-ը Հայաստանում ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության այցի շրջանակում։ Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝«Frontex»-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հնարավոր ուղղությունները ուսումնասիրելու վերաբերյալ։