Սողոմոնյան. Եթե Մելիքբեկյանը վերընտրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում, «Փյունիկը» չի մասնակցի ՀՀ առաջնությանը

Սողոմոնյան. Եթե Մելիքբեկյանը վերընտրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում, «Փյունիկը» չի մասնակցի ՀՀ առաջնությանը

PanARMENIAN.Net - Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի 34 թիմ և երկու գլխավոր թիմերը չեն հայտավորվի հաջորդ տարվա Հայաստանի ֆուտբոլի առաջնություններին, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվի Արմեն Մելիքբեկյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել «Փյունիկ» ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը:

Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերջին 4 տարվա գործունեությունը` շեշտելով, որ վերջին տարիներին հայկական ֆուտբոլից հեռացել են բազմաթիվ ներդրողներ, ֆեդերացիան աշխատանքներ չի տանում մանկապատանեկան մասսայական ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ, պատանեկան առաջնություններում գրանցված արդյունքները ենթադրել են տալիս, որ այդ տարիքային խմբերում մրցակցության բացակայություն կա, հայտնում է Արմենպրեսը։

Ըստ Սողոմոնյանի՝ առկա խնդիրներից են նաև պատանեկան թիմերում որակավորված մարզիչների բացակայությունը, երիտասարդական հավաքականի անհաջող ելույթների շարքը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում և այլն:

«Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի շարք կազմակերպություններից ստացել է մոտ 70 միլիոն եվրո: Ես չգիտեմ, թե որտեղ են ծախսվել այդ գումարները: Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվի Արմեն Մելիքբեկյանը, և փոփոխություն չլինի, «Փյունիկը» կդադարի մասնակցել Հայաստանի առաջնությանը»,-ասել է Սողոմոնյանը:

Վերջինս կոչով դիմել է ՀՖՖ նախագահի ընտրությանը մասնակից գործկոմի անդամներին` ընդգծելով, որ ընտրվում է ոչ միայն ֆեդերացիայի նախագահ, այլ ընտրում են երկրի ֆուտբոլի ապագան:

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն իր խոսքում շեշտել է, որ ՀՖՖ-ն վախի մթնոլորտ է ստեղծել, և ֆեդերացիային կոչ է արել առավել թափանցիկ գործել:

Նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը հորդորել է ցույց տալ 4 տարվա ընթացքում կատարված աշխատանքը, որը նրանց իրավունք կտա շարունակել ֆեդերացիայի ղեկավարումը։

«Փյունիկը» դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում կքվեարկի Արաս Օզբիլիզի օգտին:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն աջակցություն է հայտնել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում: Օզբիլիսն ասուլիսի ընթացքում ներկայացրել է հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականը, որը ծրագրի կվերածվի՝ իր՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընրվելու դեպքում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---