14 դեկտեմբերի 2023 - 17:18 AMT
Սերժ Սարգսյան․ Կգա ժամանակը՝ կասենք՝ ինչ նկատի ունեինք, ասելով, որ Արցախի էջը փակված չէ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կգա ժամանակը՝ հանգամանորեն կասեն, թե ինչ են նկատի ունեցել, երբ ասել են, որ Արցախի էջը փակված չէ։

«Կգա ժամանակը, մենք հանգամանորեն կասենք, թե ինչ ենք նկատի ունեցել այդ հայտարարությունն անելով»,- ասել է Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի դեպքերից հետո հայտարարել էր՝ «Արցախի էջը փակված չէ», ինչ է նշանակում իր այս հայտարարությունը, հայտնում է Panorama.am-ը։

Անդրադառնալով բռնագաղթածների՝ Արցախ վերադառնալու հարցին՝ Սարգսյանն ասել է՝ արցախահայությունը պետք է որոշի, թե ինչ պայմաններում են պատրաստ վերադառնալ։

«Դա պետք է արցախահայությանը հարցնել, թե ինչ պայմաններում են պատրաստ իրենք վերադառնալու Արցախ։ Որ վերադարձը ցանկալի է, իհարկե, միանշանակ է, բայց այնտեղ պետք է լինեն համապատասխան պայմաններ։ Թե ինչպիսի պայմաններ, ես չեմ կարող հիմա ասել՝ չիմանալով, չուսումնասիրելով նրանց կարծիքը»,–ասել է նա։

Արձագանքելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, թե Արցախի հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն Ադրբեջանի սահմանադրության շրջանակում՝ Սարգսյանն ասել է, որ դա չի կարող լինել երաշխիք։

«Դա չի կարող լինել երաշխիք։ Նման խոսքեր շատ ենք լսել, այնպես որ դա ուղղակի զրո երաշխիք է։ Այդ հարցերի մասին լավ կլինի խոսել այդ մարդկանց հետ»,–ասել է նա։

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում նա անդրադարձել է նաև Արցախում հայ ժողովրդի էթնիկ զտմանն Ադրբեջանի իշխանությունների կողմից և նշել, որ «Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, հայկական Արցախի էջը փակված չէ»: