14 դեկտեմբերի 2023 - 17:24 AMT
Չախոյան. Վարչապետի հրաժարականի ու արտահերթի մասին լուրերն ամբողջությամբ կեղծ են

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընդդիմադիր որոշ գործիչներ ու լրատվամիջոցներ տևական ժամանակ է՝ փորձում են տարածել արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր։

«Վարչապետի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների մասին խոսույթն ամբողջությամբ կեղծ է, նման քննարկում անգամ չկա։

Ընդդիմադիրների կողմից արտահերթ ընտրությունների մասին կեղծ խոսույթի տարածումը հանրության հույզերի հետ խաղալու հերթական անհաջող փորձն է։ Որպեսզի հետագայում մեղադրեն իշխանությանն արտահերթ ընտրությունների չգնալու համար ու փորձեն փողոցային նոր շարժում ձևավորել»,–գրել է նա։

Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում խոսակցություններ էին շրջանառվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրությունների գնալ՝ «լեգիտիմացնելով» Արցախի հանձնումը, թուլացնել առկա դժգոհությունն ու նաև արևմտամետ ուժերի մուտքն ապահովել խորհրդարան։

Արձագանքելով այդ խոսակցություններին, ՀՀԿ–ական Արտակ Զաքարյանը գրել էր, որ «2024թ-ին նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու թեման կրկին սկսել է շրջանառվել ՀՀ քաղաքական կուլիսներում, ինչն իհարկե պլանավորված վտանգավոր նոր սցենարի մասին է խոսում»: Նա նշել է, որ չի կարելի Փաշինյանի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ՝ կորսված Արցախից հետո դա ծանր հարված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագային։