14 դեկտեմբերի 2023 - 17:37 AMT
Բայրամով․ Զորքերը հետ քաշելու առաջարկն անընդունելի է Ադրբեջանի համար

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի է զորքերը հետ քաշելու Երևանի առաջարկը։

«Եթե զորքերը հետ քաշվեն չսահմանազատված սահմանից, ո՞վ երաշխիքներ կտա, որ այնտեղ ոչինչ տեղի չի ունենա։ Այդ առաջարկն անընդունելի է ադրբեջանական կողմի համար։ Ադրբեջանական բանակն այսօր պաշտպանում է իր սահմանները։ Ես համաձայն չեմ ՀՀ ԱԳ նախարարի զորքերը հետ քաշելու վերաբերյալ հայտարարության հետ։ 30 տարի անց ադրբեջանական բանակը վերականգնել է իր սահմանները։ Ադրբեջանի սահմանները կարող են պահպանել միայն ադրբեջանցի զինվորները»,–ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Բայրամովը նաև ասել է, որ Ադրբեջանը մոտ ապագայում իր դիրքորոշումը կներկայացնի ՀՀ կողմից նոյեմբերի վերջին փոխանցած առաջարկների վերաբերյալ։

«Առաջարկների փաթեթը, որը ստացել ենք ՀՀ–ից, տարբերվում է նախորդներից՝ նորն ավելի լավատեսական է»,–ասել է նա։

Ըստ նրա, այդպես, քայլ առ քայլ, կարելի է առաջ շարժվել։

«Եթե հայկական կողմն իր ցանկությունները չցուցադրի, այլ հարգի միջազգային իրավունքը, հնարավոր կլինի դրական արդյունքի հասնել»,–ասել է նա։

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: