14 դեկտեմբերի 2023 - 17:55 AMT
Պուտին․ Ոչ թե ՌԴ–ն է հրաժարվել Ղարաբաղից, այլ ՀՀ-ն, ընդ որում՝ չտեղեկացնելով Մոսկվային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի հետ հարաբերություններում առաջացած բարդությունները կապել է իրավիճակի հետ Լեռնային Ղարաբաղում։ Նա ընդգծել է, որ ոչ թե ՌԴ–ն է հրաժարվել Ղարաբաղից, այլ Հայաստանն է այն ճանաչել Ադրբեջանի մաս, գրում է «Կոմերսանտը»։

«Ղարաբաղից հրաժարվել է ոչ թե Ռուսաստանը, այլ ինքը Հայաստանը, ընդ որում՝ իր նախաձեռնությամբ և չտեղեկացնելով Մոսկվային»,– ասել է Պուտինը «Տարվա ամփոփման» ժամանակ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։