14 դեկտեմբերի 2023 - 18:26 AMT
Պուտին․ ԵԱՏՄ–ից, ՀԱՊԿ–ից և ԱՊՀ–ից դուրս գալը չի բխում ՀՀ շահերից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարվա ամփոփիչ ասուլիսում ասել է, որ Հայաստանի շահերից չի բխում հրաժարվել անդամությունից ԱՊՀ–ում, ԵԱՏՄ–ում և ՀԱՊԿ–ում, գրում է «Կոմերսանտը»։

Ըստ Պուտինի, ՀՀ բացակայությունը համատեղ միջոցառումներին առաջին հերթին կապված է ներհայաստանյան գործընթացների հետ։

Պուտինը նաև ասել է, որ ԵվրԱզԷՍ–ի երկրների շրջանում աճում են ինտեգրման գործընթացները՝ բոլոր մասնակիցների կամավորության սկզբունքով։

«Եթե, օրինակ, Մոլդովան չի ցանկանում լինել դրա մասը, ապա դա նրա ընտրությունն է»,– ասել է ՌԴ նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ՀԱՊԿ նիստին։ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Հայկական կողմը, սակայն, մշտապես ասում է, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու հարց օրակարգում չկա։