14 դեկտեմբերի 2023 - 19:04 AMT
ՀՀ-ն ու Բոտսվանան դիվհարաբերություններ են հաստատել

Հայաստանն ու Բոտսվանան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել։ Համապատասխան հայտարարությունն ընդունվել է դեկտեմբերի 14-ին՝ Երևանում, այն ստորագրել են երկու երկրի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Լեմոգանգ Կվապեն:

Վերջինս Երևանում է՝ մասնակցելու դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը:

Ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ Միրզոյանը նշել է. «Ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետությանը և Բոտսվանայի Հանրապետությանն այս կարևոր իրադարձության առիթով: Իսկապես, մենք նոր գլուխ ենք բացում մեր հարաբերություններում, եթե շատ ֆորմալ մոտենանք հարցին, մենք հիմնադրում ենք այդ հարաբերությունները՝ առնվազն դիվանագիտական մասը: Եվ լիահույս ենք, որ հետագայում մեր աշխատանքի շնորհիվ և նաև այն արժեքների հիման վրա, որոնք մենք կիսում ենք, զարգացնել մեր համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև գիտություն, կրթություն և իհարկե նաև համագործակցություն միջազգային հարթակներում: Կրկին շնորհավորանքներս»:

Բոտսվանայի ԱԳ նախարարն իր հերթին նշել է. «Կիսում եմ նույն հույսը։ Բացի հույսից, ես գնահատում եմ ընդհանուր անցյալը: Բայց ամենակարևորը՝ մենք կիսում ենք մեր ժողովրդավարության արժեքները և նաև կիսում ենք զարգացման արժեքները: Այսօրվա մեր հանդիպումը դրա վկայությունն է: Քանի որ մենք ստորագրել ենք համաձայնագիր մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, ես սպասում եմ, որ մենք՝ որպես եղբայրներ և քույրեր, մեր երկրների փոխադարձ զարգացման գործում միմյանց կողքին կլինենք: Մեր երկու երկրներն էլ ելք չունեն դեպի ծով, և երկուսն էլ փոքր պետություններ են թե՛ տնտեսությամբ, թե՛ այլ չափանիշներով։ Մենք ունենք բնակչության գրեթե նույն թվաքանակը Այսպիսով, ես կարծում եմ, որ սա մեզ տալիս է հնարավորություն դառնալ իրական գործընկերներ և ունենալ իրական գործընկերություն»։

Հանդիպմանը երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մասնավորապես տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթամշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հնարավորությունները՝ այս համատեքստում կարևորելով նաև հետագա իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

Հանդիպման օրակարգում են եղել միջազգային կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: