15 դեկտեմբերի 2023 - 10:55 AMT
Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ է ստացել․ Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ կսկսվեն

ԵՄ գագաթնաժողովը որոշել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Վրաստանին։ Այդ մասին դեկտեմբերի 14–ին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ ԵՄ–ն նաև որոշել է բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ:

Միշելն այդ մասին նաև գրառում է արել X-ի իր միկրոբլոգում:

«Եվրոպայի խորհուրդը թեկնածուի կարգավիճակ է շնորհել Վրաստանին և որոշել է բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ նման կարգավիճակի տրամադրման շուրջ։ Իսկ Բոսնիայի և Հերցոգովինայի հետ բանակցությունները կսկսվեն, երբ անդամության համար անհրաժեշտ մակարդակ կապահովվի»,–գրել է նա։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրավիրել է երկրի բոլոր քաղաքացիներին դեկտեմբերին 15–ին տոնել այդ «պատմական իրադարձությունը», հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ուզում եմ բոլորին դեկտեմբերի 15–ին ժամը 17։00–ին հրավիրել Ազատության հրապարակ՝ միասին տոնելու մեր երկրի և մեր ժողովրդի այս պատմական հաղթանակը։ Վաղվա օրը պետք է լինի մեր համազգային տոնի և ընդհանուր հաղթանակի օրը»,–ասել է նա։

Ղարիբաշվիլին դեկտեմբերի 14–ը պատմական է անվանել երկրի համար և նշել է, որ այդ օրվանից Վրաստանը կարող է համարվել եվրոպական պետություն։ Նա շնորհավորել է բոլորին և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ավանդ են ունեցել այդ գործում։

Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել 2022–ի մարտի 3–ին՝ Մոլդովայի հետ նույն օրը։ Հունիսի 17–ին Եվրահանձնաժողովը հետաձգել էր թեկնածուի կարգավիճակի տրամադրման հավանությունը, մինչև Վրաստանը կատարի որոշ պայմաններ։ 2023–ի նոյեմբերի 8–ին Եվրահանձնաժողովը տվել էր իր հավանությունն այն պայմանով, որ Վրաստանի կառավարությունը կարևոր բարեփոխումներ կիրականացնի։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Վրաստանը ԵՄ–ին անդամակցելու հայտ կներկայացնի 2024–ին, սակայն պատերազմն Ուկրաինայում արագացրեց իրադարձությունները։