Զախարովան մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին և զգուշացրել «լուրջ ռիսկերի մասին»

Զախարովան մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին և զգուշացրել «լուրջ ռիսկերի մասին»

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանությամբ է հանդես եկել հայ–ադրբեջանական կարգավորման վերաբերյալ՝ մի շարք մեղադրանքներ հնչեցնելով ՀՀ հասցեին և զգուշացնելով «լուրջ ռիսկերի մասին»:

Նա նշել է, որ եռակողմ համաձայնագրերը մնում են ուժի մեջ և կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել իր ստորագրությունը:

«Երևանում որոշ քաղաքական գործիչներ դժգոհություններ են հայտնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու Ռուսաստանի ջանքերի վերաբերյալ և խոսում են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի «անարդյունավետության» մասին։

Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այս հարցերը։

Եռակողմ համաձայնագրերի փաթեթը, որը բաղկացած է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, 2022-ի հոկտեմբերի 31-ի հայտարարություններից, Բաքվի և Երևանի հաշտեցման այլընտրանք չունեցող «ճանապարհային քարտեզ» է։ Այն ընդգրկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր առանցքային ոլորտները՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, խաղաղության պայմանագրի կնքում և հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացում: Այս պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ, կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել իր ստորագրությունը։

Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունը, մենք չափազանց վտանգավոր ենք համարում այս կարևոր փաստաթղթերից հրաժարվելու փորձերը։ Նման քայլն անխուսափելիորեն կբերի լուրջ ռիսկերի, առաջին հերթին հենց Հայաստանի համար։ Այդ մարտահրավերները հնարավոր չի լինի կասեցնել արևմտյան կեղծ միջնորդների օգնությամբ։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել Հայաստանում և Հարավային Կովկասի այլ պետություններում, նրանց խնդիրն այլ է՝ դուրս մղել մեզ և տարածաշրջանային մյուս խաղացողներին, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»,–ասվում է հայտարարության մեջ։

Զախարովան նշել է «Երևանի մի շարք գործողությունները, որոնց պատճառով այդպես էլ հնարավոր չեղավ ամբողջությամբ կյանքի կոչել եռակողմ պայմանավորվածությունները»։

«Մենք արդեն նշել ենք այդ կետերը։ Խոսքն այն մասին է, որ հայկական կողմը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում՝ ճանաչելով նրա պատկանելությունն Ադրբեջանին և «մոռանալով», Եվրամիության խորհրդականների հուշումներով, գոնե հիշատակել տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը։ Այդ որոշումը արմատապես փոխեց իրավիճակը ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտում։

Բացասաբար ազդեցին նաև հայկական կողմի կողմից Լաչինի միջանցքի օգտագործումը Ղարաբաղին զենք մատակարարելու համար՝ խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, և այն, որ Երևանը պատրաստ չէր ապահովել հայկական զինված ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից, ինչը մեծապես հանգեցրեց սեպտեմբերի ռազմական բախումներին»,- նշել է Զախարովան։

Նա նաև նշել է, թե տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում «հենց Երևանն էր ամեն անգամ «սառեցնում» կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումը փոխվարչապետերի համանախագահությամբ գործող Եռակողմ աշխատանքային խմբի կողմից»։

«Մասնավորապես, արդեն ամիսներ շարունակ հայկական կողմն արգելափակում է ՀՀ և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով կատարել 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետը»,–ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ իրական սահմանազատումը դեռ չի մեկնարկել և, որ «ԵՄ առաքելությանը ՀՀ հրավիրելու պատճառով հայկական կողմը հրաժարվեց սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ մեխանիզմներից»։

«Այնպես որ վերոնշյալ որոշումների չկատարումը ոչ թե Մոսկվայի քաղաքականության հետևանք է, ինչպես փորձում են պնդել ոմանք, այլ Երևանի անհետևողական գործողությունների անմիջական արդյունքը»,–ասվում է հայտարարության մեջ։

Որպես բարդ իրավիճակից ակնհայտ ելք Զախարովան նշել է եռակողմ հայտարարությունների կատարմանը վերադառնալը, ինչին ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել և հաստատել է ՀՀ և Ադրբեջանի միջև հերթական բանակցություններն ամենամոտ ապագայում ՌԴ–ում կազմակերպելու իր առաջարկը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---