Ուրուգվայի նախագահ․ ՀՀ-ին վերաբերող հարցերում մեր բոլոր քաղուժերն ունեն միասնական դիրքորոշում

Ուրուգվայի նախագահ․ ՀՀ-ին վերաբերող հարցերում մեր բոլոր քաղուժերն ունեն միասնական դիրքորոշում

PanARMENIAN.Net - Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուն իր կեցավայրում պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ասել է, որ միջազգային հարթակներում Հայաստանին վերաբերող բոլոր հարցերում Ուրուգվայի բոլոր քաղաքական ուժերն ունեն միասնական դիրքորոշում, ինչը նույնպես վկայում է երկու երկրների միջև սերտ բարեկամական կապերի առկայության մասին:

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուն ողջունել է Հանրապետության նախագահի այցը Ուրուգվայ և շեշտել, որ նման այցելությունները վերստին հաստատում են երկու երկրների ու ժողովուրդների միջև բազմամյա բարեկամությունն ու սերտ հարաբերությունները:

Ուրուգվայի նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Ուրուգվայի հայկական համայնքն իր նշանակալի դերն է խաղացել ինչպես Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխգործակցության զարգացման, այնպես էլ Ուրուգվայի պետության կայացման գործում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ տպավորված է հայաստանյան պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ վերաբերմունքից: Վահագն Խաչատուրյանը նաև՝ ի դեմս Լուիս Լակալե Պոուի շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի պետությանն ու ժողովրդին Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչելու և ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին աջակցելու համար:

Զրույցի ընթացքում Ուրուգվայի նախագահն իր խոսքում շեշտել է, որ Ուրուգվայում ուշադրությամբ հետևում են հարավկովկասյան տարածաշրջանում զարգացումներին: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցին մանրամասներ է հայտնել տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և առկա իրադրության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կողմից արվող քայլերին ու «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել միջազգային հարթակներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը և ընդգծվել է փոխգործակցության շարունակական զարգացման խթանման կարևորությունը:

Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Նուբարյան վարժարան: Վարժարանի տնօրեն Խավիեր Փոլադյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել ընդհանուր պայմաններին և կրթության կազմակերպման սկզբունքներին: Քննարկվել են նաև Ուրուգվայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորության վերաբերյալ հարցեր: Նուբարյան վարժարանից հետո նախագահն այցելել է «Հայաստան» անունը կրող Մոնտեվիդեոյի հանրակրթական դպրոց։

Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի և հանդիպել Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի հետ:

 Ուշագրավ
---