19 դեկտեմբերի 2023 - 15:26 AMT
Կոմիտեի նախագահ․ Զբոսաշրջիկների թվի աճի տեմպերով ՀՀ-ն աշխարհում 6-րդն է

ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության սանդղակով Հայաստանը, համեմատած 2019 թվականի հետ, աշխարհում 6-րդն է զբոսաշրջիկների թվի աճի տեմպերով։ Այդ մասին տեղեկացրել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ 2023–ի 11 ամիսների ընթացքում Հայաստան այցելած 2 միլիոն 200 հազար զբոսաշրջիկների մեծ մասը եղել են Ռուսաստանից, Վրաստանից ու Իրանից․ այս երկրներն այդ առումով վերջին 10 տարիների ընթացքում շարունակում են մնալ առաջին եռյակում։

«Շատ են գալիս սփյուռքահայեր ԱՄՆ-ից, Եվրոպական երկրներից Ֆրանսիան և Գերմանիան շարունակում են լինել առաջին տասնյակում։ Նաև տեսնում ենք, որ աստիճանաբար Չինաստանն էլ է բարձրանում այդ ցանկում, որն արդեն 9-րդն է։ Երբ համեմատում ենք առաջին 11 ամսվա այդ թվերն անցյալ տարվա հետ, մոտավորապես ունենք 42 տոկոս աճ, իսկ 2019 թվականի համեմատ՝ 21 տոկոս։ ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության սանդղակով Հայաստանը, համեմատած 2019 թվականի հետ, աշխարհում 6-րդն է աճի տեմպերով»,- մանրամասնել է Պօղոսեանը։

Նա ասել է, որ 2022–ից օգտագործվում է «Հայաստանը որպես թաքնված ուղի» բրենդը՝ 4 ուղղություններով թիրախային շուկաներում ներկայացնելով հայկական մշակույթը, բնությունը, արկածային տուրիզմը, ինչպես նաև խոհանոցը և գինին։

Պօղոսեանը տեղեկացրել է, որ 2024 թվականին մարքեթինգային ծրագրերի բյուջեն 50 տոկոսով ավելի մեծ կլինի՝ կիրականացվեն նոր գործառույթներ, մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում է լինելու MICE-տուրիզմի ուղղությունը (Meetings, Incentives, Conferences), որը ներառում է գործնական հանդիպումներ, մոտիվացնող տուրեր աշխատողների համար, գործարար համաժողովներ և այլն։

Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպվելիք մեծ միջոցառումներից է լինելու ՄԱԿ ԶՀԿ-ի Միջազգային գինու տուրիզմի կոնֆերանսը Հայաստանում։

Համաշխարհային բանկի հետ իրագործվելու է Հայաստանում 20 նոր կլաստերների ստեղծման ծրագիրը, որի արդյունքում կավելանան հետաքրքիր նոր վայրեր։ Առաջին 4-ի աշխատանքները՝ Արենիում, Գյումրիում, Դիլիջանում, Գորիսում, կմեկնարկեն 2024 թվականին։

Պօղօսեանը նկատել է, որ ըստ հետազոտության նախնական տվյալների, 10 տարի առաջ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվում գերակշռում էին սփյուռքահայերը, բայց այժմ պատկերն ամբողջովին փոխվել է, ինչը նշանակում է, որ Հայաստանը՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն, հետաքրքրում է նաև օտարերկրացիներին։