19 դեկտեմբերի 2023 - 17:28 AMT
Շահրամանյանն ընդգծել է՝ ծանր վիճակում հայտնված բռնագաղթածներին պետք է ուշադրության կենտրոնում պահել

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 19-ին այցելել է «Աջակցություն Արցախահայությանը» հասարակական կազմակերպության գրասենյակ, ծանոթացել վերջինիս գործունեությանը:

Նախագահ Սամվել Շահրամանյանն ընդգծել է բռնի տեղահանված ու սոցիալական ծանր իրավիճակում հայտնված ընտանիքներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը և ողջունել նախաձեռնությանը միացած անհատների, կազմակերպությունների մասնակցությունը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Կատարվող աշխատանքների մասին տեղեկություն է ներկայացրել «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ նախագահ Սևակ Գրիգորյանը՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկում ֆինանսական ռեսուրսների ներգրավման ուղղությամբ, որպեսզի աջակցություն ցուցաբերեն վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների, այնուհետև ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացածների, ինչպես նաև սոցիալական ծանր իրավիճակում հայտնված այլ կարիքավոր ընտանիքներին:

Հանդիպման ավարտին Շահրամանյանը պատասխանել է կազմակերպության անդամների հարցերին, լսել առաջարկություններ և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար»:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։