19 դեկտեմբերի 2023 - 18:13 AMT
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10,000 դրամ աջակցության դեկտեմբերի վճարումը կսկսվի դեկտեմբերի 25–ից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար դրամ աջակցության նոյեմբեր ամսվա վճարումները կավարտվեն առաջիկայում, իսկ մյուս շաբաթվանից կմեկնարկեն դեկտեմբերի վճարումները։ Այդ մասին դեկտեմբերի 19-ին «Հումանիտար կենտրոնում» կայացած ասուլիսին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

«Հույս ունենք, որ ամենամեծ մասը կվճարենք և կավարտենք այս տարի»,-հավելել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Փոխնախարարի խոսքով՝ բոլոր այն դեպքերում, երբ անձինք որոշակի ժամանակով բացակայել են Հայաստանից և վերադառնալուց հետո դիմել են աջակցությունից օգտվելու համար, ապա գործող կարգավորմամբ կդիտարկվի նախորդ ամսվա բացակա օրերի քանակը՝ սկսած նոյեմբերից, և եթե դրանք 10 օրից պակաս կլինեն՝ նրանք աջակցությունը կստանան նաև նախորդող ամիսների համար։

Ժամակոչյանը նշել է, որ լրամշակվել է աջակցության ծրագրի առցանց դիմումների համակարգը և այն ծնողները, ովքեր չեն լրացրել երեխայի տվյալները, ապա հաստատված դիմում ունենալու պարագայում, դա կարող են անել՝ խմբագրելով դիմումը, որի համար պետք է մուտք գործել ու կրկին նույնականանալ համակարգում։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։