22 դեկտեմբերի 2023 - 16:13 AMT
Սիմոնյան․ ՀՀ–ն ՀԱՊԿ-ի հանդեպ դիրքորոշումը կփոխի, եթե այն ճանաչի ադրբեջանական ագրեսիան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Երևանը կփոխի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ միայն այն բանից հետո, երբ կազմակերպությունը կհայտարարի Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայության մասին և կպահանջի դրա դուրսբերումը։

Նրա խոսքով` քանի դեռ նման դիրքորոշում չի հնչել կազմակերպության անդամ մյուս բոլոր երկրների կողմից, Հայաստանը կհամարի, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում, հայտնում է Sputnik Արմենիան։

ԱԺ խոսնակը հավելել է, որ, միևնույն ժամանակ, Երևանին պետք չէ, որ բելառուս կամ ղազախ զինվորները գան և ադրբեջանցիներին վտարեն հայկական տարածքից, հայկական կողմը պարզապես քաղաքական հայտարարություն է ուզում։

Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ կերպ տորպեդահարել ՀԱՊԿ-ի գործունեությունը։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հայաստանյան այցին և Մինսկում կայացրած գագաթնաժողովում որոշումների փաթեթի ստորագրման հնարավորությանը` Սիմոնյանը նշել է, որ ծանոթ չէ փաստաթղթին։

Նա հայտարարել է, որ եթե դրանք հակասեն Հայաստանի շահերին, չեն ստորագրվի։ Սիմոնյանն ասել է, որ անձամբ ճանաչում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին. նա բավականին հետաքրքիր և փորձառու անձնավորություն է։

Սիմոնյանը նշել է նաև, որ տեղյակ չէ` Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի վերջին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

ՀՀ վարչապետը չի մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան և իր հետ բերել նոյեմբերին Մինսկում կայացած գագաթաժողովում ընդունված փաստաթղթերը: Նա արդեն բանակցություններ է վարել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: