22 դեկտեմբերի 2023 - 18:30 AMT
Պապուաշվիլի․ Վրաստանն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանի ղեկավարներ Ալեն Սիմոնյանն ու Շալվա Պապուաշվիլին դեկտեմբերի 21–ին հանդիպել են Դիլիջանում։ Աշխատանքային այցով հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Նա շեշտել է, որ այն տարածաշրջանում երկարատև կայունության և զարգացման երաշխիք կարող է լինել, հայտնում է «Ազատությունը»։

Ըստ հայկական կողմի՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին:

ԱԺ խոսնակը առաջարկել է Վրաստանին միանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է: Բարձր ենք գնահատում Վրաստանի հետաքրքրվածությունը և ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում: Վրաստանի կառավարության «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը միտված է հենց այս նպատակին»,- փաստել է ԱԺ նախագահը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի շուրջ:

Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ որպես անաչառ և չեզոք միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում։

Անցած շաբաթ Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհեց։

Սիմոնյանն ասել է, որ Վրաստանի Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը կարևոր իրադարձություն է ամբողջ տարածաշրջանի համար, և շնորհավորել Պապուաշվիլիին։

Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ընդգծել է Հայաստանի ԱԺ խոսնակն ու հույս հայտնել, որ մոտ ապագայում կհաջողվի երկու երկրների միջև ռազմավարական գործընկերություն հաստատել:

Ըստ վրացական կողմի՝ Շալվա Պապուաշվիլին և Ալեն Սիմոնյանը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, պայմանավորվել են կոնկրետ նախաձեռնություններ իրականացնել խորհրդարանական համագործակցության խորացման ուղղությամբ։

Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցեր։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։