22 դեկտեմբերի 2023 - 18:33 AMT
ՀՀ դպրոցներում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17,000 աշակերտ է սովորում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17,000 աշակերտ արդեն ներգրավվել է ՀՀ դպրոցներում: ՀՀ մարզերի դպրոցներ է գործուղվել ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 200 ուսուցիչ: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության հարցին՝ նախարարի տեղակալը նշել է, որ այդ նպատակով կայքում գործարկվել է առանձին հարթակ, որտեղ ուսուցիչները կարող են լրացնել իրենց անձնական տվյալներն ու գրանցվել համակարգում, հայտնում է Արմենպրեսը։

Նա ասել է, որ համակարգում հասանելի է ուսուցչական թափուր աշխատատեղերի մասին ամբողջ տեղեկությունը, որը խմբավորված է ըստ մարզերի, բնակավայրերի և առարկաների:

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ երեխաների արագ ինտեգրման համար»,-ասել է նախարարի տեղակալը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։