22 դեկտեմբերի 2023 - 18:34 AMT
Շահրամանյան․ ԱՀ իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետինստիտուտները

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է այն պետական մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով: Անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած նախագահի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

Քննարկվել է բռնի տեղահանումից հետո արցախցիների հիմնախնդիրները, դրանց լուծման ուղղությամբ առանձնացվել առաջարկություններ, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

Ներկայացնելով կատարված ու կատարվող աշխատանքները՝ նախագահ Շահրամանյանն ընդգծել է 2024 թվականին դրանք շարունակելու անհրաժեշտությունը, Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը:

Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն, իր հերթին, պնդել է, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։ Այդ մասին նա ասել է «Ազատության» հետ զրույցում։

Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:

«Քանի որ Արցախը լուծարելու որոշումը եղել է ոչ իրավաչափ և դրանից հետո ընդունվել է հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, և նաև ընդունվել են մի շարք իրավական նորմատիվ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը 2024-ից հետո լինելու է… Մենք կարող ենք համարել, որ այլևս սեպտեմբերի 28-ի հրամանագիրը գոյություն չունի»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։