22 դեկտեմբերի 2023 - 18:44 AMT
Ադրբեջանը մտադիր է երկաթուղի կառուցել դեպի Ստեփանակերտ

Ադրբեջանը մտադիր է երկաթուղի կառուցել դեպի օկուպացված Ստեփանակերտ։ 2024–ին «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն կսկսի Ակնա-Ստեփանակերտ երկաթգծի կառուցումը։ Այդ մասին ասել է ՓԲԸ-ի շինարարական նախագծերի բաժնի ղեկավար Թուրալ Աբբասլին, հայտնում է caliber.az–ը։

Նա տեղեկացրել է, որ ճանապարհի նախագծումը սկսվել է, արդեն կատարվել է տարածքի նախնական զննություն, նախանշվել է ճանապարհի նախնական երթուղի։

Աբբասլին ասել է, թե նախագծի նպատակն է Ստեփանակերտն ու Շուշին միացնել երկրի երկաթուղային ցանցին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։