Խորհրդական․ Շահրամանյանը Ստեփանակերտում բնակվող Գալստյանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Խորհրդական․ Շահրամանյանը Ստեփանակերտում բնակվող Գալստյանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը հաստատել է, որ ԱՀ-ն լուծարելու հրամանագրից հետո Շահրամանյանը մեկ այլ հրամանագիր էլ է ստորագրել, որով այդ պահին Ստեփանակերտում բնակվող, նախկինում պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղեկալ:

Թե ինչ գործառույթ պետք է իրականացներ Գալստյանն այդ պայմաններում, պարզ չէ, հայտնում է «Ազատությունը»։

«Իհարկե, դա եղել է ստորագրված հրամանագիր, որով նա նշանակվել է, բայց թե ինչ ֆունկցիաներով, ինչ նպատակներով, նման տեղեկության չեմ տիրապետում», - ասել է Գրիգորյանը։

Ինչպես Արցախի նախագահի խորհրդականն է ասել, ցանկացած մարդ ինքն է որոշել՝ մնալ և ինտեգրվել Ադրբեջանի կազմում, թե դուրս գալ Արցախից։

«Արցախի ժողովուրդը չի ընդունել Բաքվի ինտեգրվելու պայմանը, քանի որ 32 տարի առաջ իր ընտրությունը կատարել է՝ ապրել ազատ և անկախ Արցախում», - շեշտել է նա։

Ըստ Սամվել Շահրամանյանի խորհրդականի՝ Արցախում մնացել է 20-30 հոգի, այդ թվում՝ Սարգիս Գալստյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---