23 դեկտեմբերի 2023 - 12:33 AMT
Չախոյան․ ՀՀ–ում չի կարող լինել երկրորդ հրամանագիր ստորագրող ու չկա

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ–ում չի կարող լինել երկրորդ հրամանագիր ստորագրող ու չկա։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, անդրադառնալով սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ նշել է, որ ԼՂ իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

«Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ օրենք ընդունող ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ կառավարություն ու չկա:

Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա»,–գրել է նա։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի»։

«Փաստորեն, Արցախի կապիտուլյացիան ստորագրած, ամբողջ զինամթերքն ու տեխնիկան հակառակորդին նվիրած, Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձին նպաստած Արցախի նախագահը և յուր «պաշտոնյաները» նախ նեղսրտում են, որ Հայաստանում աշխատավարձ չեն ստանում, հետո էլ խոսում Հայաստանի Հանրապետության ներսում ինչ-որ ինստուտուտների գործարկման մասին:

Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի: Երևանում և Հայաստանում գործում են միայն և բացառապես ՀՀ օրինական ղեկավարության հրամանագրերն ու որոշումները:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը ընտրել է իր լեգիտիմ Ազգային ժողովին, Վարչապետին, ձևավորել ինստիտուտներ և վերջ: Հայաստանում կա մեկ իշխանություն և այդ մեկ իշխանությունը Հայաստանի օրինական իշխանությունն է: Սրան հակադրվող կամ սրա դեմ պայքարող ցանկացած նախաձեռնություն դիտվելու է որպես հակապետական գործունեություն, հայտարարվելու է օրենքից դուրս և արժանանալու է ամենակոշտ միջոցներին պետության կողմից:

Հայաստանին նոր ռազմական սադրանքի մեջ ներքաշել ձգտողների բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, իսկ հեղինակները` խստագույնս պատժվելու են»,–գրել է նա։

Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն ասել է, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։ Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են: