27 դեկտեմբերի 2023 - 11:29 AMT
Իրավապաշտպան․ 80 գերու ճակատագիր դեռ անհայտ է

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով մի խումբ գերիների վերադարձին Ադրբեջանի բանտերից, ասել է, որ 80 գերու ճակատագիր մնում է անհայտ, և ադրբեջանական կողմը պաշտոնապես չի հաստատում նրանց գերեվարումը, թեև իրավապաշտպանները հավաքագրել են ապացույցներ դրա վերաբերյալ:

Հարցին, թե ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը գերիների վերադարձի համար՝ Սահակյանն ասել է, որ գործադիրն առավել ակտիվ է իրավական դաշտում և այստեղ որոշակի գործընթացներ իրականացվում են ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, Եվրոպական դատարանում, տեղեկացնում է Armlur.am-ը։

«Քաղաքական բանակցությունների արդյունքում հայկական կողմը գերիների խնդիրը կարողանում է լուծել բացառապես վերլուծությունների ճանապարհով, այսինքն որոշակի պահանջների բավարարում է, տալիս Ադրբեջանին, բայց առավելապես կարծում եմ այս խնդիրը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով»,–ասել է նա։

Իրավապաշտպանը նաև անդրադարձել է այն հարցին, թե կա՞ հույս, որ մինչև տարվա ավարտ ռազմագերիներ կտեղափոխվեն Հայաստան:

«Կարծում եմ այս խմբի առումով՝ ոչ, հավանական չէ նման սեղմ ժամկետներում, մյուս կողմից տեսնում ենք այնտեղ գտնվող հայեր, ովքեր դատավարությունների մաս չեն դարձել, բայց նրանց առնչությամբ հետապնդում իրականացվում է, և Ադրբեջանը դատավարությունները տևականացնում է, ցուցադրում է քաղաքական օգուտներ ստանալու նպատակով: Կարծում եմ՝ քանի դեռ դատավարությունները չեն ընթացել և այս ճանապարհով Ադրբեջանը որոշակի օգուտներ չի գրանցել, հայերի հայրենադարձում չի իրականացվի: Հավանական եմ համարում եկող տարվա ընթացքում. հայկական կողմը խաղաղության օրակարգում դրական քայլեր կձեռնարկի այդ համատեքստում, որ նոր հայրենադարձություններ լինեն»,–ասել է նա։

Սահակյանը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչպե՞ս են ռազմագերիներին վերաբերվում Ադրբեջանում։

«Նախ չհայրենադարձված գերիների մասով Ադրբեջանը տեղեկատվական վակուում է ստեղծում և միակ տեղեկատվություն փոխանցումը ընթանում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որը սահմանափակ հարցերի վերաբերյալ տեղեկություն է տրամադրում կոնֆենդենցիալ հիմունքներով ընտանիքի անդամներին: Ինչ վերաբերում է այլ մեխանիզմների, որոնք կարող են հաստատել և բարձրաձայնել պայմանների վերաբերյալ խնդիրները, դրանց հասանելիությունն ուղղակի արգելափակված է, օրինակ խոշտանգումների կազմակերպման հարցերում զբաղվող մեխանիզմերը որևէ հասանելիություն չունեն»,–ասել է նա։

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող վերադարձել է Հայաստան։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: